Pages

Friday, March 4, 2016

Հայոց ծագումնաբանություն

                                     

Մենք՝ հայերս, աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկն ենք: Եւ հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչպես է ձևավորվել հայկական էթնիկ միավորումը: Այս հարցի պատասխաններն ստանալու համար, այս նյութում ես կանդրադառնամ՝ հայ ժողովրդի ծագման մասին հիմնական տեսություններին, հայերը որպես հնդեվրոպացի, և մեր ձևավավորման հիմնական տարածքին:
Հին ու միջին դարերում հայերի ծագման վերաբերյալ գրի են առնվել մի շարք ավանդազրույցներ և տեսություններ, որոնցից ավելի հայտնի են՝ ասիանիկ, բալկանյան տեսությունները և հայկական, հին եբրայական, վրացական, հունական, արաբական ավանդազրույցները: Բայց իհարկե բացի սրանցից կան նաև ուրիշները, որոնք չունեն սկզբնաղբյուր և կրում են նույն իմաստը: Իսկ ինչ վերաբերվում է հայերին ու հնեվրոպական նախահայրենիքին, ըստ մի քանի տվյալների, նախահայրենիքը մեկ եղել է Եվրոպայի հարավ-արևելյան մասում, 2. հայերը  Բալկանյան թերակղզուց գաղթել են դեպի Ուրարտու, այն գրավել, ստեղծել պետություն 3. հայերը հնդեվրոպացի չեն եղել, մենք առաջացել ենք ասիական ցեղերից, բայց 4. Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի տարածքում գտնվել է հնդեվրոպապական նախահայրենիքը, մենք կազմել ենք այդ ժողովրդի մի մասը, հետո արդեն սկսել առանձնանալ և կազմավորվել:

Հայկական ավանդազրույց:
Հայոց ծագումնաբանության մասին հայկական ավանդազույցը մեզ է հասել շնորհիվ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»: Այստեղ առանձնանում են ժամանագրական երկու փուլ՝ նախաքրիստոնեկան և քրիստոնեական: Առաջին՝ նախաքրիստոնեական փուլը, արդեն պարզ է, թե որ ժամանակներում է ստեղծվել և գույություն ունեցել: Որի համաձայն հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը... Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը»..: Ք.ա. III հազարամյակի շումերա-աքքադական սեպագիր արձանագրությունների շնորհիվ, տեղեկանում ենք, որ Հայկը իմաստության և տիեզերական ջրերի Հայ(ա) աստծո որդին էր։ Հայ(ա) աստվածը հնագույն աղբյուրներում մեծարվում է «տիրակալ երկրի», «արարչագործ» և այլ տիտղոսներով: Նրա պաշտամունքը կապվում էր Հայկական Լեռնաշխարհի՝ Եփրատ և Տիգրիս գետերի ակունքների հետ, որտեղից էլ պատկերվում էր որպես այդ գետերը սկզբնավորող:
301թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն, որից հետո նախաքրիստոնեական ամեն բան մնաց անցյալում: Համաձայն այս փուլի, հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից՝ Հաբեթից, Քամից և Սեմից: Ըստ ավանդության քրիստոնեացված տարբերակի Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «Թորգոմյան ազգ» անվանումները:
Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը ( Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը` «այաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները: Ըստ նույն ավանդության Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից` Հայկաշեն, Արամանյակից` Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից` Արմավիր, Երաստից` Երասխ (Արաքս), Շարայից` Շիրակ, Ամասիայից` Մասիս, Գեղամից` Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից` Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից` Այրարատ և այլն):

Հին եբրայական ավանդազրույց:
Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I - Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում: Հաղորդման համաձայն «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է: Ըստ մեկ այլ տեսակետի Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին»: Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և° որպես անձնանուն, և որպես ցեղանուն:
Նշվածներից բացի հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ ևս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն:

Վրացական ավանդազրույց:
Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել IX- XI դարերի վրաց հեղինակների կողմից: Ըստ վրացական ավանդության Թարգամոսի ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից` հայերը, Քարթլոսից` վրացիները, մյուս որդիներից` կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից` այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրներում: Դրանով էլ պետք է բացատրել ութ եղբայրներից Հայոսի ավագագույնը լինելու հանգամանքը:

Հունական ավանդազրույց:
Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի` արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ նրա անվամբ կոչվել է «Արմենիա»: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի Արմենիոն քաղաքը: Դատելով փաստերից` հայերի ծագման մասին զրույցը ստեղծվել և արգոնավորդների ավանդությանն է զուգորդվել Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում. արգոնավորդների ավանդության մասին պատմող ավելի վաղ աղբյուրներում հայերի ծագման վերաբերյալ տեղեկություն չկա: Ամենայն հավանականությամբ դա ունեցել է նույնպիսի քաղաքական միտում, ինչպիսիք են պարսիկների և մեդացիներ հունական ծագման մասին զրույցները: Ուստի և այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի հունական ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ:

Արաբական ավանդազրույց:
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի` Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է XII-XIII դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության Նոյի որդի Հաբեթ ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Թորգոմ, որի որդին էր Արմինին և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:
Պարզ է, որ բացի սրանցից կան նաև այլ  ավանդազրույցներ, բայց եթե այստեղ ինչ-որ չափով էին կրկնվում, ապա մնացածը կրում են ամբողջական կրկնություն:

          Հիմա անցնենք տեսություններին, որոնցից է հաբեթական կամ ասիանիկ տեսությունը, համաձայն սրա հայերենը ոչ հնդեվրոպական, այլ խառնածին լեզու է, հետևաբար հայերը չեն մասնակցել հնդեվրոպական գաղթին և առաջացել են տեղաբնիկ ասիական ցեղերից: Այս տեսությունը գիտական քննության չի ենթարկվել, և այժմ էլ մերժվում է, քանի որ չեն լինում խառնածին լեզուներ. երկու լեզուների ձուլումից չի առաջանում երրորդը:

          Հույն հեղինակների հաղորդումները հայերի բալկանյան ծագման վերաբերյալ առաջ բերեցին հայերի եկվոր լինելու տեսությունը: Ձևավորվեց մի տեսակետ, ըստ որի հայերը գաղթելով Բալկանյան թերակղզուց` Ք.ա. VIII-VI դարերում մուտք են գործել Ուրարտու, նվաճել այն և վերջինիս անկումից հետո Ք.ա. VI դարում ստեղծել իրենց պետությունը Երվանդունյաց թագավորությունը: Այս տեսակետը, որը չի հիմնվում փաստերի ամբողջության վրա, ճշմարտացի չէ մի շարք պատճառներով, և մինչ օրս մնում է քաղաքական շահարկումների առարկա:

          Հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում` Հայկական լեռնաշխարհում: Հայերը կազմել են հնդեվրոպական մայր ժողովրդի մի մասը և 4-3-րդ հազարամյակների սկզբներին առանձնացել են: Սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը: Այս տեսակետը գնալով ավելի է ամրապնդվում, ինքնըստինքյան հերքվում է հայերի եկվորության հարցը, քանի որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հենց այն տարածքում, ուր կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը:

 Եւ վերջապես հայերենը: Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ գրաբար, կիլիկյան, աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են (օրինակ՝ Ագուլիսի, Մեղրու բարբառ և այլ բարբառներ)։ 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ, ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։ Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական քերականության երկրորդ հրատարակության ժամանակ նույն սխալը կրկնեց։ Այդ սխալ տեսակետը ընդունվեց նաև այլ լեզվաբանների կողմից մինչև 1875 թվականը, երբ լույս տեսավ Հայնրիխ Հյուբշմանի «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» աշխատությունը։ Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ առանձնացնել հայերենի բնիկ հնդեվրոպական բառերը փոխված բառերից և դրանով էլ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Այսպես էլ, հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է ներկայանում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։ Հյուբշմանի հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, որ իր աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչը որ արված է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների կողմից։ Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական բառերը, մասնիկները, քերականական ձևերը, Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ։


Աղբյուրներ՝
http://www.historyofarmenia.am/
https://hy.wikipedia.org/

Գրականություն՝
Համառոտ հայոց պատմություն, Ա. Մովսիսյան, էջ 13-25
Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան (1926)

No comments:

Post a Comment