Pages

Friday, February 20, 2015

Հ. Թումանյանի տոհմը

 Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում:
Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց - Մամիկոնյան» կնքադրոշմը: Նախքան գրական ասպարեզ մտնելը` 1887թ. Թումանյանը գրել է իր նախնիների բավական մանրամասն պատմությունը` «Գործք հարանց» վերնագրով: Այստեղ բանաստեղծը հիշատակում է իրենց տոհմական անունը` Տերսանք, նրանք աչքի էին ընկնում պատվասիրությամբ, վեհանձնությամբ, ռազմական ոգով և կենսուրախ բնավորությամբ:
Ավելի ուշ 90-ական թվականներին Թումանյանը կազմել է նաև իր տոհմի ճյուղագրությունը:
 Նախնիների «Վարքագրությունը» բանաստեղծը սկսում է իր ապուպապի հորից` տոհմի Նահապետ Բարխուդարից, որի ծննդյան տարեթիվն անհայտ է, ոչինչ չգիտեն նաև նրա գործերի մասին:
Տոհմի շառավիղն իբրև նահապետի համարվել է ավագ որդին:
Մեհրաբ /1740-1860/-ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր` Շահրուբանի հետ: Նա խելացի, արթուն և արի նահապետ էր: Մեհրաբը եղել է Դսեղի գյուղապետը և կոչվել է «յուզբաշի»:
Հովակիմ /Օվագիմ 1760-1855/ – Քաջ ու հաղթանդամ Լոռու հայտնի իգիթներից մեկը: 18-րդ դարում, շնորհիվ իր քաջագործությունների նա մեծ հռչակ է ձեռք բերում: Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում տվել է Մեհրաբ և Օվագիմ Յուզբաշիների վիպական նկարագրությունը:
Հովհաննես աղա /Ուհանեզ 1795-1868/- 1826-1827 թթ. Ուհանեզ աղան ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել է մի շարք պատերազմների: Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում: Կռվում տարած քաջագործությունների համար ստանում է շքանշաններ ենթասպայի աստիճան: Բացի այդ նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի զանազան վայրերում ճանապարհներ կառուցելու համար:
Հովհաննես աղի կինը գեղեցիկ ու կիրթ կին էր. չէր սիրում գյուղի աշխատանքը: Նա ավելի էր սիրում քաղաքը և քաղաքային կյանքը: Նա է հետևել թոռան կրթությանը, նրա հագնվելուն, շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի: Թոռան անունը դրել է իր ամուսնու անունը` Օհաննես աղա: Եւ գյուղում այդպես էլ կոչում էին Թումանյանին` Օհաննես:
Ասլան /1839-1898/- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:

Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:

Թումանյանի զավակները

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938թթ.
Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույնքաղաքի Սակրավորների ուսումնարանում:Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916թ.կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:










ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918թթ.


Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան:
Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:



ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938թթ.


Ծնվել է Թիֆլիսում: Ներսիսյան դպրոցից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, /Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին/, նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:
Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:



ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939թթ.

Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:



ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968թթ.


Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966թ.: Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:



ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957թթ.

Ծնվել է Թիֆլիսում: Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:



ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981թթ.

Ծնվել է Թիֆլիսում: Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:



ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927թթ.

Ծնվել է Թիֆլիսում: Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում:Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:



ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988թթ.

Ծնվել է Թիֆլիսում: Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:



ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989թթ.

Ծնվել է Թիֆլիսում: Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:

No comments:

Post a Comment