Pages

Friday, November 21, 2014

Գրիգոր Զոհրապ ։ - Կենսագրություն

                                             
Գրիգոր Զոհրապը սովորել է ծննդավայրի Պեշիկթաշի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում: 1879 թ-ին ավարտել է Կ. Պոլսի ֆրանսիական ինստիտուտի երկրաչափական, 1882-ին՝ իրավագիտական բաժինները:
Աշխատակցել է արևմտահայ մի շարք պարբերականների: Հակոբ Ասատուրի հետ հրատարակել է «Մասիս» (1892–93 թթ.) գրական հանդեսը: 1908– 1915 թթ-ին ընտրվել է օսմանյան պառլամենտի պատգամավոր և Կ. Պոլսի Հայոց ազգային ժողովի երեսփոխան. պաշտպանել է ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Զոհրապը Մարսել Լեար ծածկանունով 1913 թ-ին Փարիզում հրատարակել է «Հայկական հարցը վավերագրերի լույսի ներքո» ֆրանսերեն գրքույկը և մեծ հեղինակություն ձեռք բերել նաև որպես քաղաքական գործիչ: 1883 թ-ից զբաղվել է փաստաբանությամբ, միաժամանակ իրավագիտություն է դասավանդել Կոստանդնուպոլսի համալսարանում: Ֆրանսիական բանակի սպա (ազգությամբ` հրեա) Դրեյֆուսի դատը պաշտպանելու համար պարգևատրվել է Դրեյֆուսի մանրանկարով ոսկե նշանով: Քաղաքական ակտիվության համար զրկվել է փաստաբանությամբ զբաղվելու իրավունքից: 1908 թ-ին մեկնել է Փարիզ. Կոստանդնուպոլիս է վերադարձել նույն թվականի հուլիսին՝ երիտթուրքերի պետական հեղաշրջումից հետո:
Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: Բյուրեղացած ձևի ու փոքր ծավալի մեջ նա հասել է հոգեբանական խորության և կերտել բազմաթիվ կերպարներ՝ զարգացնելով ռեալիզմի ավանդները հայ գրականության մեջ: Նրա լեզվամտածողությունն առանձնանում է զուսպ ու դիպուկ ոճով, հոգեբանական նրբին պատկերների, համեմատությունների և մակդիրների արտահայտչամիջոցներով:
Զոհրապի նորավեպերը լույս են տեսել 3 ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1908 թ.), «Կյանքն ինչպես որ է» (1911 թ.), «Լուռ ցավեր» (1911 թ.): Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները: «Ճիտին պարտքը» նորավեպի հերոսը՝ վաճառական Հուսեփ աղան, սնանկացել էր և կնոջ մահից հետո չէր կարողանում հոգալ տան ու 2 անչափահաս աղջիկների կարիքները: Դժբախտ մարդը, ապարդյուն մաքառելով հոգսերի դեմ, ինքնասպան է լինում: Իրեն ծովը նետած Հուսեփի վզից կախված էր քարերով լցված պայուսակը՝ «ճիտին պարտքը»: «Մագթաղինե», «Այրին», «Փոստալը» նորավեպերի հերոսուհիները թշվառ ու լքված, կյանքի հարվածների տակ կքած կանայք են:
Զոհրապն առանձնակի քնքշությամբ է անդրադարձել սիրո թեմային: «Այինկա», «Ռեհան», «Առջի սեր, առջի բարի», «Զաբուղոն», «Ճեյրան» նորավեպերում սիրո դրաման քննել է երջանկության, բարոյականության, գեղեցկության և այլ բարձր արժեքների լույսի ներքո: Կյանքի ու մահվան, սիրո և երջանկության հավերժական խնդիրների, մարդու ներաշխարհի անլուծելի առեղծվածների մասին են «Երջանիկ մահը», «Մյուսը», «Կարծեմ թե» նորավեպերը: Զոհրապի հերոսները կյանքում իրենց տեղը չգտած մարդիկ են՝ տխուր առօրյայով, անհույս ճակատագրով: Գրողը մեծ սիրով է անդրադարձել «փոքր», հասարակ մարդկանց հոգու գեղեցկությանն ու վեհությանը:
Զոհրապի նորավեպերը ժամանակի կյանքի հայելին են ու ճշմարիտ վկայությունը:
Գրողի ստեղծագործական ժառանգության կարևոր էջերից են «Անհետացած սերունդ մը» (1883 թ.) վեպը, որտեղ պատկերել է պոլսահայ երիտասարդության կյանքը, «Չինական նամականի» (1884 թ.), «Ուղևորություն մը հիշատակներուս մեջ» (1898–1903 թթ.) հրապարակախոսական ակնարկները, «Անբարոյական գրականություն» (1892 թ.), «Նոր լրագրություն» (1892 թ.) քննադատական հոդվածները, «Ծանոթ դեմքեր» (1891–1909 թթ.) գրական դիմանկարների շարքը:
Զոհրապը ձերբակալվել է 1915-ի մայիսի 20-ին և սպանվել աքսորի՝ Ուրֆայից Դիարբեքիր տանող ճանապարհին:

No comments:

Post a Comment