Tuesday, November 19, 2013

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ

                      Գուրգեն1գուրգեն2

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

Հեշտ չէ գրողի համար տասնութ տարի լինել գրականությունից դուրս: Այդ տարիները փաստորեն չիրականացված մտահղացումներ են եւ չգրված գրքեր: Իսկ եթե դրանց ավելացնենք ճամբարային եւ աքսորական կյանքի անազատությունը, բարոյական եւ ֆիզիկական ապրումների ամենօրյա մամլիչ ազդեցությունը, առողջական վիճակի անխուսափելի վատթարացումը, պատկերը կլինի ամբողջական:

Հազարավոր այդ օրերին Մահարին բազմիցս է իրեն տվել «ինչո՞ւ» հարցը: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Եվ գոնե երկու անգամ փորձել է պատասխանել. «...այդ պրոզան կապված է մի մարդու առօրյայի հետ, որն իր ողջ կյանքը նվիրել է Ոլիմպոսի աստվածներին: Եվ եթե նրան միշտ չեն շոյել Ոլիմպյան աստվածները, այդ նրանից է, որ նա չի արածել սրբազան լեռան ստորոտներում եւ ձգտել է միշտ լեռն ի վեր...» (Վ. Աճեմյանին, 26 մարտի 1951 թ.), «...իմ «մեղքը» ես գիտեմ: Իսկ այդ «մեղքը» նրանում է, որ ես սովորական շարքային չեմ...» (Անտոնինա Մահարուն, 24 փետրվարի 1953 թ.):

Մահարու համար գաղտնիք չէր նաեւ, թե ով էր այդ մարդկային մեծագույն ողբերգություններից մեկի պատասխանատուն. «...մեծ ոճրագործ, դահիճ եւ սինլքոր վրացի Ստալինի գործերն էին, կատարողները` նրա դրածոները, Հայաստանի մեջ հայը, Ռուսաստանի մեջ ռուսը, Բելառուսիո մեջ բելառուսը...» (Շ. Շահնուրին, 28 հունիսի 1962 թ.):

Ստալինյան հայ դրածոներին (Մուղդուսի, Եղբայր Նիկողոսյան...) Մահարին չի անդրադարձել, բայց գրչակիցներին, որոնք չեղան իրենց կոչումին արժանի բարձրության վրա` քանիցս: Հեշտ չի եղել այդ խոսակցությունը կողմերի համար, սակայն զարմանալին այն է, որ դա Մահարուն կարծես տրվել է ավելի դժվար, քան դիմացինին. «Գրողների տանը, մեր զրույցի ընթացքում ես քեզ ասացի, որ ուզում էի գրել քեզ մի քանի հարցերի մասին՝ թեթեւացնելու համար առանց այն էլ ծանրացած խղճիս բեռը, կամ խղճիս ծանրացած բեռը: Սկսում եմ քո հարցով,- ի՞նչ պատահեց: Իսկապես, Նայիրի, ի՞նչ պատահեց. ինչո՞ւ հանկարծ օր ծերության նորից բաժանվեցին մեր ճանապարհները, դու դեպի ձախ, ես դեպի աջ եւ կամ ընդհակառակը. ես այն ժամանակ ասացի եւ հիմա էլ կրկնում եմ, որ ամեն ինչ սկսվեց քո մի զարմանալի այցելությունից` Ալազանին...

Բառացիորեն գրում եմ Ալազանի խոսքերը.-

- Ես, չգիտեմ, ես Նայիրուն չեմ հիշում այդպիսի տրամադրությամբ. նա ներս մտավ եւ սկսեց գոռգոռալ, թե` ես ոչ ոքից չեմ վախենում, թե` ես հիմա էլ պնդում եմ, որ Ակսել Բակունցը դաշնակցական է եղել եւ եւլն-եւլն.:

Ես, ճիշտ ասած, Ալազանի պատումին մեծ կարեւորություն չտվի. ի՞նչ վախենալու մասին է խոսքը, ի՞նչ Ակսել Բակունց եւ դաշնակցություն, երբ դու 1954 թվից հետո համարում էիր այդ բոլորը հիմարություն... ես խնդրեցի Նորենցից, որպեսզի անցնի Ալազանին եւ ստուգի, ճի՞շտ եմ լսել, թե ոչ: Մեծ եղավ իմ ցավը, երբ Նորենցը հաստատեց իմ լսածները, Մարոյի վավերացումով...

Երկրորդ «ի՞նչ պատահեց»ը պատահեց քո նշանավոր ելույթի [1] օրը «ծխականության» [2] եւ հարակից...

Նայիրի՛, մի «պատահմունք» էլ պատահեց առանց քեզ. Իշխանյանն ինձ ուղարկեց իր «Ա. Բակունցի բիբլիոգրաֆիան» [3]. այս խիստ բարեխիղճ աշխատության մեջ նշված են եւ Բակունցի դեմ եւ թեր գրված հոդվածները. վերցրու եւ կարդա «Ն. Զարյան» բաժինը «Ա. Բակունցի մասին»: Այս էլ ինձ համար անակնկալ էր: Հետո Իշխանյանի աշխատության հետքերով ես կարդացի քո, մեղմ ասած, անթույլատրելի հոդվածները [4] ... նրանք լույս են տեսել այդ մեծ գրողի ամենաողբերգական օրերին, լույս են տեսելտասնյակ հազարավոր եւ հազարավոր տիրաժով... իսկ դու կարծում ես, որ քո մի ելույթով, որի ունկնդիրների թիվը 35-ից ավելին չէր, քավեցի՞ր քո մեղքը... Մտածիր, ուղղիր ծուռը. դու կարող ես այդ անել: Հանուն սովետահայ գրականության, հանուն իմաստուն ծերության:

... Ինձ ամեն ինչում կարող ես մեղադրել, բայց քո հանդեպ... 1954 թվից հետո... չե՛ս կարող գանգատվել: Ես քեզ մոտ եղա եւ ընկեր` քո այդ ծանր յոթնամյակի օրերին: «Հիմա քո հազարն է» [5] ... (Ն. Զարյանին, 3 հունիսի 1961թ.):

Ցավոք, Ն. Զարյանի պատասխան նամակը մեր ձեռքի տակ չէ, սակայն Գ. Մահարու «պատասխանի պատասխանից» դժվար չէ կռահել, որ այդ շրջանում բարոյական կրակահերթի տակ ընկած գրողը, ըստ իր սովորության, այս անգամ էլ գնացել է մեղքերի ժխտման կոշտ ճանապարհով եւ ավելի բարդացրել իր վիճակը. «Գիտեի, որ նամակս չի մնա, ավելի ճիշտը` չես թողնի անպատասխան: Շնորհակալություն. ես գիտեմ, թե որքան դժվար է գրել, երբ չկա «սիրտ, ժամանակ եւ տրամադրություն»:

Պատասխանում եմ կետ առ կետ, պատասխանում եմ ոչ թե ապագա դոցենտներին հիացմունք եւ քեզ` ցավ պատճառելու համար, ոչ (մի մտածի, որ ես մի բարի պտուղ եմ եւ իմ մասին այդպիսի կարծիք ունեմ, ոչ եւ ոչ), գրում եմ, որ հասկանաս ինձ եւ մանավանդ` քեզ հասկանալու համար:

Ես առանց վերապահության եւ անկեղծությամբ, ճիշտ է, ոչ մանրամասն, շարադրեցի իմ՝ քո հանդեպ ունեցած դժգոհությունները, ուրիշ դժգոհություն չունեմ ես. ասել եմ, ինչ կուտակված է եղել մեջս եւ հավատա, գրելուց հետո զգացել եմ հոգեկան թեթեւություն: Ես պարտավոր էի քեզ գրել եւ կատարեցի իմ պարտականությունը, իսկ դու գտնում ես, որ ուրիշ են պատճառները մեր (ըստ քո ուղղումի` «ավելի ճիշտը` իմ») սառնության... դու չես ուզում այդ բացատրել «երկու պատճառով», նախ, որովհետեւ դա ինձ հայտնի է [6] եւ երկրորդը` ամենակարեւորը, «բացատրել այդ պատճառը կնշանակեր շարժել իրար մեջ ներթափանցված պատճառների անախորժ կույտը, գրգռել իրար պլլված օձերի կծիկը...» (քո նամակից): Սարսափելի է: Չկարծես թե «օձերը», ո՛չ, սարսափելի է, երբ մարդը մարդուն չի հավատում...

Եվ վերջապես դա ի՜նչ սարսափելի պատճառ է, ահավոր եւ անխոստովանելի, որի մասին ես չեմ կարող գրել, ավելին, ուզում եմ «քողարկել», «օրորել քեզ եւ օրորվել ինքնախաբեությամբ»: Ես չեմ կասկածում քո ստեղծագործական ուժեղ երեւակայության վրա, ինքս էլ զուրկ չեմ այդ քանքարից, բայց շատ բան կտայի, իմանալու համար, թե դու ո՞ւր ես հասել քո երեւակայությամբ:

Կրկնում եմ, Նայիրի, ուրիշ դժգոհություն չունեմ ես, բացի այն ամենից, ինչ շարադրել եմ ի խորոց սրտի գրած նամակում:

Քեզ «անտանելի զարմանք է պատճառում այն ջանասիրությունը, որով մարդիկ, առանց պաշտոնի բերման, «ուսումնասիրում» են մեզանից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունները...»,- գրում ես դու: Չգիտեմ, ո՞ւմ ես ակնարկում, Իշխանյանի՞ն թե ինձ: Եթե Իշխանյանին, ապա զարմանալու ոչինչ չկա, նա կատարել է իր գրական ուսումնասիրողի պարտականությունը, եթե ինձ... ի՞նչ ես կարծում, մի՞թե ես պարտավոր չեմ կարդալու «մեզնից քառորդ դար առաջ մոլեգնած իրադարձությունների» ընթացքում եղած գրականությունը, ճիշտ է` ուշացումով: Իսկ ե՞րբ պիտի կարդայի ես այդ նյութերը, կես դար հետո՞, կամ գուցե Իշխանյանը երեք քառորդ դար հետո՞ պիտի գրեր իր բիբլիոգրաֆիան... բայց չէ՞ որ երբ էլ որ գրվեր եւ երբ էլ որ կարդացվի այդ նյութերը, ծանր է լինելու նրանց թողած տպավորությունը, անտանելի ծանր: Ի՞նչ եմ ես խնդրել քեզանից. որ դու, որ ձեռքով որ գրել ես այդ հոդվածները, նույն ձեռքով էլ հերքես, բացատրես ներկա եւ գալիք սերունդներին հենց քո՛ պատկերներով («փայտահատի», «կացինի», «տաշեղի», «ռանդա»ի...). ճիշտ չէ՞ր լինի, եթե դու հանդես գայիր մի «Pro domo sua»-ով [7] եւ վերագնահատեիր քո անցյալը... ինչո՞ւ եմ ուզում, որ դու այդ անես. Բակունցի՞ շահերի համար. ոչ, Բակունցը ոչինչ չի շահի դրանից, նա իր շահը շահել է եւ ավելին ավելորդ է. գուցե կարծում ես, որ ե՞ս այստեղ մի շահ ունեմ... չեմ կարծում, որ կարող ես այդպես կարծել, որովհետեւ դա անհեթեթություն է. ուրե՞մն... Հավատա, որ ես ուզում եմ, որ դու այդ անես քեզ համար` նա՛խ եւ առաջ:

Ես էլի եւ նորից եմ կրկնում, մեր գժտության պատճառը միայն ու միայն եղավ եւ է՛ Ալազանի հետ քո ունեցած զրույցը, քո` քեզ հայտնի ելույթը եւ քո հոդվածների թողած ծանր տպավորությունը: Քո խոսքերով ասած` մի՛ օրորի քեզ եւ մի օրորի ինձ, եւ մի որոնի ուրիշ պատճառ, որովհետեւ այդպիսին գոյություն չունի՛:

Ամեն կերպ, ամեն կողմից մոտենում եմ խնդրին, հեռանում եմ խնդրից (ավելի լավ տեսնելու համար...), ուզում եմ գուշակել այն, ինչ քո կարծիքով «ինձ առավել հայտնի է, քան քեզ». ի՞նչ ես մտածում դու. գուցե... գուցե մտածում ես, որ իմ մեջ խոսել է գրական խա՞նդը, ավելի շուտ նախանձը. չէ՞ որ այդպես մտածելը ծիծաղելի է, ինչի՞ հիման վրա ես քեզ պիտի նախանձեի 1959 թվին: Մի՞թե 1959 թվին միա՛յն ես գլխի եմ ընկել, որ դու «Արա Գեղեցկի» հեղինակն ես: Կամ գուցե դու (դու սովոր ես քեզ միշտ տեսնել «թշնամիներով շրջապատված») կարծում ես, որ ես ընկել եմ քո «թշնամիների» ազդեցության տա՞կ... Չէ՞ որ դա ավելի հնարավոր էր 1954-1959 թվականներին, քան 1960-1961-ի՞ն... ուրեմն այս էլ չի, ուրիշ ի՞նչ մտածեմ, որ դու կարող ես մտածել...

Գրում ես, - «Գրում եմ առանց հույս ունենալու, որ սրանով կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» կամ դու որեւէ չափով կփորձես ինձ հասկանալ...»:

Գրում եմ, պատասխանում, ճիշտ հակառակը, ես չէի գրի ոչ մի տառ ու տող, եթե հույս չունենայի, որ աստիճանաբար կփարատվի մեր մեջ ծագած «թյուրիմացությունը» եւ եթե ցանկություն չունենայի քեզ հասկանալու եւ չուզենայի, որ ինձ ճիշտ հասկանաս:

Օգնիր ինձ եւ ես քեզ կհասկանամ կես խոսքից:

20-ական թվականներին կարող էինք ասել. «Ապագան ցույց կտա, թե ով է ճիշտը...», ավա՜ղ, 60-ականն ենք ապրում, այդ «ապագա» կոչեցյալը հենց այսօրն է, որ կա. մի՞թե մեզ վայել է խարխափել ինչպես 30 տարի առաջ. ոչ, մեր տարիքը սխալներն ուղղելու, իմաստության եւ ծանր պատասխանատվության տարիներ են (վերջի՜ն տարիներ...), 30 տարի առաջ կարող էինք ասել. «Որքան ապրել եմ, էնքան էլ դեռ կապրեմ».- Հիմա կարո՞ղ ենք ասել,- ո՛չ: Իհարկե, եթե հույս ունես, որ կարող ես ապրել (ֆիզիկապես) 120 տարի, կարող ես չշտապել եւ մի քանի անգամ էլ հիմնովին սխալվել, ես այդ հույսը չունեմ, դրա համար էլ բավարարվում եմ... թեթեւ սխալներ գործելով... եւ մանավանդ շտապ կարգով ուղղելով» (17 հունիսի 1961 թ.):

«Թյուրիմացությունը» չհարթվեց: Երկու գրողների ճանապարհները բաժանվեցին հերթական անգամ: Թե որքան խորն է եղել Ն. Զարյանի հոդվածների տպավորությունը, վկայում են ուկրաինացի գրող Լ. Պերվոմայսկուն գրված տողերը. «Օրերս ես բառիս բուն իմաստով գիշերներով չքնեցի: Հետին թվով կարդացի Նայիրի Զարյանի «հոդվածները» սքանչելի Ա. Բակունցի դեմ: Ցնցվեցի մինչեւ հոգուս խորքը: Ես գիտեի, որ նա այդպիսի բաներ է գրել, ինչ որ բաներ կարդացել էի, բայց այդ սարսափելի հոդվածները չէի տեսել: Ինձ համար պարզ դարձավ, որ եթե այդ հոդվածները չլինեին, Բակունցը կստանար իր պատժաչափը, ինչպես ես, եւ այսօր նստած կլիներ Երեւանում ու կգրեր: Այդ հոդվածները տպվել են 1937 թվականին, երբ Բակունցը դեռ նստած էր: Մեկ-երկու ամսից նա գնդակահարվեց»:

Հր. Քոչարի մահն առիթ դարձավ, որ Մահարին մեկ անգամ եւս անդրադառնար անձի պաշտամունքի տարիներին գրողների բարոյական կեցվածքին. «Քոչարի թաղման մասին եղած նյութերը կարդալիս հիշեցի Չարենցին. մի ժամանակ, 30-ական թվականներին, շարունակ գանգատվում էր. «Այ տղա, մի հայ գրող էլ չմեռավ, մի տեսնեինք, ո՞նց են թաղում... Լուսահոգին թող գլուխը բարձրացնի եւ տեսնի, ինչպե՞ս թաղվեց ինքը եւ ինչպես` Հրաչյա Քոչարը, որի մեջ դեռ այն ժամանակ նա տեսնում էր «Նայիրու ողորմելի համհարզը...»:

Ո՜վ դար, ո՜վ բարք... [8]

Ի՞նչ եղավ Աբովի մոտ գտնված այն փաստաթուղթը, գրված 1937 թվականին, ստորագրված Քոչարի եւ Նայիրու ձեռքով...» (Վ. Նորենցին, 8 մայիսի 1965 թ.):

Նամակը զուսպ էր, ասես ակամա հայտնված կարծիք, սակայն Վ. Դավթյանին Մահարին ուղարկեց վերլուծական մի սանդղակ, որտեղ վերջին տեղը հատկացվում էր Ն. Զարյանին. «Քոչարը քո չարը տարավ. մահվան հետ խաղալ չի կարելի, մահը քոչարի չէ: Ճի՞շտ է, որ Նայիրին իր դամբանականում ասել է. «Նրա սիրտը չդիմացավ մեր ծանր ժամանակների հարվածներին...»: Հետաքրքիր խոսք, ասույթ, որն ավելի բնորոշ է ասողի համար, քան ննջեցյալի... զառակս ի՞նչ ցուցանե. այն, որ Քոչարը մահացավ չտանելով... կոպիտ կերպով ասած` քավությո՞ւնը... քսաներորդ համագումա՞րը... սպիտակ թո՞ւղթը...

Вообщем [9] (կասեր Չարենցը), դեստալինիզացիան ջրի երես հանեց երեք կատեգորիա.

1. Ազնիվ կատեգորիան՝ Ֆադեեւն ու նրանք, որոնք ինքնասպանություն գործեցին:

2. Ապրող, սակայն տառապող, քավող եւ հատուցող կամ չհատուցող կատեգորիան. Քոչար (գուցե Վշտունի՞ն, Աբո՞վը...):

3. Անսիրտ, անխիղճ եւ անհոգի կատեգորիան. Զարյան եւ ուրիշներ՝ եթե կան:

Վերջինը կամ անխելք է կամ հեռատես: Անխելք՝ որովհետեւ չգիտե, որ նրա զղջման խոսքը կբարձրացնի նրան ժողովրդի աչքում. ժողովուրդը մեծահոգի է, իսկ Զարյանը չի ուզում օգտվել նրա մեծահոգությունից...

Կամ հեռատես՝ որովհետեւ, ով գիտե, իցե թե մի օր Ստալինը բարձրանա՜ իր պեդեստալին... եւ այն ժամանակ, օ՛, այն ժամանակ՝ Նայիրի Զարյանը ողջ գրողների միությունը Սիբիր կքշի, ներառյալ զավխոզ Խաչիկին...» (14 մայիսի 1965 թ.):

Եթե Ն. Զարյանին Մահարին գնահատում էր որպես «Արա Գեղեցիկի» հեղինակի, ապա գրող Հր. Քոչարի մասին, չնայած վերջինիս ապաշխարանքին, ուներ միայն եւ միայն բացասական կարծիք. «Քոչարի «Զավակները» Սով. Միության գրախանութներից կիպերով ետ են գալիս [10]: Շարե՜ին հրատարակությունը սատարողների դռներին...» (Մ. Արմենին, 19 հունվարի 1964 թ.), «Քոչարի եւ հարակից խնդիրների մասին: Համաձայն եմ քեզ հետ: Մի մարդ, որ չունի ոչ խիղճ եւ ոչ իսկ ամոթ. գոնե տաղանդ ունենար. այդ էլ չկա. նստել է պատասխանատուների, Պետհրատի վզին (եւ ժողովրդի) ու... քոչում է...» (նույնին,11 փետրվարի 1964 թ.):

Գրողի անգամ վերջին շրջանի գործերը, որոնցով նա մեր օրերում շարունակվում է պրոպագանդվել կինոյի լեզվով, չստիպեցին Մահարուն փոխել իր կարծիքը. «Վերջինս (Հր. Քոչարը- Գր. Ա.) ստալինյան շրջանի կարկառուն չմշակներից էր, որը բավական չար սերմեր ցանելուց եւ հեղինակություն հնձելուց հետո, վերջին շրջանին կերպով մը ուզեց քավել իր մեղքերը (Ն. Զարյանը զլացավ այդ իսկ...) եւ գրեց մի քանի տանելի բաներ, որոնք սակայն չկարողացան բարձրանալ իսկական արվեստի պատվանդանին» [11] (Շ. Շահնուրին, 18 մայիսի 1965 թ.):

Չծավալվենք: Չխախտենք թերթային հրապարակման ծավալային սահմանները: Բայց չեմ կարող չխոստովանել, որ նյութի վրա աշխատելու ողջ միջոցին ինձ հանգիստ չէին տալիս նույն հարցերը` պե՞տք է արդյոք այս հրապարակումը, ինչի՞ է ծառայելու այն, ո՞ւմ է հետաքրքիր հեռավոր ժամանակների հին դարմանը կամ անցած տարիների ձմռան ձյունը: Մինչեւ անգամ խորհրդակցեցի մարդկանց հետ, ում կարծիքի հետ հաշվի եմ նստում...

Պատասխանը հստակ եւ որոշակի էր.

- Եթե մենք ուզում ենք ստեղծել առանց չակերտների օրինաց երկիր կամ բարգավաճ Հայաստան (հասկացություններ, որոնք կաղապարավորվում են իրենց ծննդյան օրից...), ապա պետք է իրերը, մարդկանց եւ երեւույթները բարձրաձայն կոչենք իրենց անուններով, այլապես չի լինի ոչ մի երաշխիք, որ հեռու կամ մոտիկ ապագայում այս կամ այն ձեւով չեն սկսի նորից գործել պետական կամ «մտավորական» պատժիչ-վարչարարական մահակները, եւ որ նոր մատնիչները չեն ունենա իրենց անունը կրող լայնահուն փողոցներ Երեւանի կենտրոնում:

Հիշենք անցյալը` հանուն ապագայի:

Ծանոթագրություններ

1. Գրողների տանն ունեցած ելույթում Ն. Զարյանը բողոքել էր գրական կյանքում «մաքուր օդի» բացակայությունից եւ այդ ելույթի հիման վրա հետագայում տպագրել «Մաքուր օդ եւ գրականություն» հոդվածը: Նույն թեմայով մի քանի տարի անց գրված նրա հոդվածը խորագրված էր «Մթնոլորտային մտորումներ»:

2. Մահարին եւ Ն. Զարյանը տարբեր էին մոտենում Ա. Բակունցի «դաշնակցականության» խնդրին: Ն. Զարյանը փորձել էր արդարացնել իր մեղադրականը` տալով Ա. Բակունցի կուսակցական երբեմնի պատկանելությանը «ծխականության» բնույթ, իբր դաշնակցական են եղել մեր բոլոր մտավորականները, իսկ Մահարու համար դա գլխավոր պատճառն էր գրողի ողբերգության, քանի որ 1936 թվականին բոլորովին այլ հնչեղություն ու բովանդակություն ուներ «դաշնակցական» մեղադրականը:

3. Խոսքը Ռ. Իշխանյանի «Ակսել Բակունց. Կենսագրություն եւ մատենագիտություն», Եր., 1960, աշխատության մասին է:

4. Խոսքը Ն. Զարյանի մի շարք հոդվածների մասին է, որոնցում «մերկացվում» էին Ա. Բակունցի եւ արդեն ձերբակալված այլ հայ գրողների գաղափարական սխալները` «Բարձրացնել բոլշեւիկյան զգաստությունը գրականության եւ արվեստի ֆրոնտում» («Խորհրդային արվեստ», 1936, թիվ 15-16, 1 սեպտ., էջ` 203-204), «Դեպի խորհրդային գրականության նոր վերելք» («Խորհրդային Հայաստան», 1936, 18 սեպտ.), «Գրական լեզվի նացիոնալիստական աղավաղումների դեմ» («Խորհրդային գրականություն», 1936, թիվ 3-4), «Ընդդեմ նացիոնալիզմի եւ տրոցկիզմի, հանուն սոցիալիստական մեծ գրականության» («Գրական սերունդ», 1936, թիվ 4, էջ` 15-19), «Կապը կտրած խմբապետը» («Գրական սերունդ», 1936, թիվ 5-6, էջ` 33-35), «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» («Գ. Թ.», 1936, թիվ 19, 25 օգոստոսի):

5. «Հիմա քո հազարն է»: Այսինքն` քո ժամանակն է: Բառն այդ իմաստով օգտագործել է նաեւ Ավ. Իսահակյանը: 1911 թվականին, երբ նա գտնվել է Պոլսում, ստացել է Վ. Տերյանի գիրքը եւ խնդրանք` իր կարծիքը հայտնելու մասին: Իսահակյանը պատասխանել է` «Ի՞նչ ասեմ, Վահան ջան, հիմա քո հազարն է» («Խորհրդային գրականություն», 1928, թիվ 2, փետրվար, էջ` 169):

6. Ն. Զարյանն ուներ այն համոզմունքը, թե Մահարին նրան էր համարում իրեն բաժին ընկած փորձության մեղավորը: Այդ ոգով էլ նա գրեց եւ տպագրեց իր «Խաչմերուկ» պատմվածքը: Այնինչ Մահարու մեղադրանքները ոչ թե անձնական էին, այլ բարոյական-հասարակական:

7. "Pro domo sua-ով" - Բառացի` «ի պաշտպանություն յուր տան» (լատ.), օգտագործվում է «իր մասին», «սեփական անձնական հանգամանքների մասին», «սեփական անձի կամ սեփական շահերի պաշտպանության» իմաստներով: Ասացվածքը գործածել էր Ե. Չարենցը` 1922թ. Մոսկվայում լույս տեսած երկհատորյակի առաջաբանում` «Այսքանը - "Pro domo sua"» եւ այլն: Լատիներեն այդ բառերով է վերնագրված նաեւ նրա հոդվածներից մեկը (Երկեր, հ. 6, էջ՝ 36):

8. Միայն Մահարին չէր, որ նման հստակ դիրքորոշում ուներ Հր. Քոչարի հանդեպ: Վերջերս լույս տեսած Ստ. Զորյանի հուշերում բավական ծավալուն տրված է Քոչարի նկարագիրը որպես մարդու եւ գրողի: Ճիշտ է, Հր. Քոչարի անունը ծածկագրված է F տառով, սակայն օրագրի ամսաթվերը եւ անսքող ակնարկները ոչ մի կասկած չեն թողնում, որ այստեղ մենք գործ ունենք Պոլիշինելի գաղտնիքի հետ: Բերենք այնտեղից փոքր մի հատված.

«Մայիս 27. Մի քանի օր առաջ թաղեցին 37-38 թթ. «հերոս»-զրպարտիչ ու մատնիչ F-ին, որ տասնյակների գլուխ կերավ այդ թվերին: Բայց թաղեցին որպես հասարակական գործիչ եւ անվանի գրող: Չէ՞ որ շատերը գիտեն նրա անամոթ գործերը (կան ձեռքից ձեռք շրջող դոկումենտներ), ինչո՞ւ են դիմում ֆալսիֆիկացիայի - չեմ հասկանում: Իսկ որպես գրող անարժեք էր, անարվեստ. սրա-նրա թեմաներն ու սյուժեները վերցնող-մշակող:

Հայտնի է նույնպես, որ 37-38 թթ.-ից հետո էլ շարունակում էր նույն «հերոսությունը». 2-րդ անգամ բռնել տվեց աքսորից վերադարձած Մահարուն, Ալազանին եւ Նորենցին, իսկ «Գր. թերթ»-ի խմբագրին հեռացնել տվեց նրանց կազմած գրական անմեղ նյութերը տպելու համար, լուրեր, որ կազմել էին նրանք մի քանի կոպեկ ստանալու համար, եւ չէին ստորագրել (Խոսքը Գ. Մահարու բանաստեղծական անստորագիր թարգմանությունների մասին է.-Գր. Ա.):

Եվ մահազդի մեջ այս տիպին ներկայացրել են որպես հասարակական գործիչ, որպես էնցիկլոպեդիստ, գրեթե մեծ գրող եւ այլն: Այսքան տարի լինելով Գրող. միության մեջ չեմ տեսել դրա նման խորամանկ, խարդախ ու կեղծ արարածի: Այդպես էլ հայտնի էր մեծ մասին, եւ դրա համար վերջին տասը-տասնուհինգ տարում ընտրությունների ժամանակ նրան սեւացնում էին, իսկ եթե լինում էր խմբագրական կոլեգիաների մեջ - դա արդեն գալիս էր վերեւից» («Նորք», Եր., 2006, թիվ 4 էջ`109-110):

9. Մի խոսքով ... (ռուս.):

10. Խոսքը Հր. Քոչարի «Մեծ տան զավակները» վեպի ռուսերեն հրատարակության մասին է, որը լույս էր տեսել Մոսկվայում` 70.000 տպաքանակով:

11. Երկու գրողների մասին Շ. Շահնուրի կարծիքը միատեսակ էր. «Հրաչեայ Քոչար եւ Նայիրի Զարեան տեղ չունէին յիշողութեանս մէջ, այն պատճառավ որ իրենցմէ արժէքաւոր գիրք մը չէի կարդացած» (25 մայիսի 1965 թ.):

No comments:

Post a Comment