60-ական թվականների սկզբին ինքնահաստատվելով որպես հայ կոմպոզիտորների երիտասարդ սերնդի առավել վառ օժտված, ակտիվ որոնումներով ապրող երաժիշտ՝ Տիգրան Մանսուրյանն իր գործունեության ընթացքում մեծ ու նվիրական աշխատանքով բացահայտեց իր ստեղծագործական հզոր ձիրքը: Մասնագիտական ուսման տարբեր փուլերում նա յուրացրեց իր ղեկավարների (էդ.Բաղդասարյան, Ղ. Սարյան) ուսանելի խորհուրդները, որոնք նպաստեցին նրա անհատականության զարգացմանը:Ստեղծագործական անդուլ աշխատանքը, մշտապես որոնումների մթնոլորտում գտնվելը բնութագրական են Տ.Մանսուրյան-արվեստագետին՝ առաջին ինքնուրույն քայլերից սկսած: Նրա հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվել լոկ երաժշտական արվեստով: Հայ և համաշխարհային հին ու նոր գրականությունը, կերպարվեստը, ազգային արվեստի մյուս բոլոր բնագավառները մշտապես գրավում են նրան, մնում նրա ուշադրության կենտրոնում:Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերին Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր ընտանիքը բնակություն հաստատեց: Արթիկի բանվորական ակումբուս 13-ամյա պատանու՝ առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը մեկընդմիշտ կապեց նրան երաժշտության հետ:Երաժշտությանը նվիրվելու անհագ տենչը մասնագիտանալու հզոր ազդակ էր: Նրբազգաց, դյուրագրգիռ, հոգևոր մեծ ներուժի տեր երիտասարդի կամային, նպատակասլաց էությունը դրսևորվեց դպրոցում, երաժշտական ուսումնարանում և, վերջապես, կոնսերվատորիայում:Ուսանողության շրջանի առաջին իսկ գործերը, այդ թվում և Լարային կվարտետը, ուշագրավ էին իրենց լրջությամբ, հոգևոր հասունությամբ: Այս հատկանիշները հետագայում բնորոշ դարձան երաժշտի համար:Տիգրան Մանսուրյանն այն երջանիկ երաժիշտներից է, որոնց ստեղծագործական մղումները, արտացոլումը լինելով ինքնատիպ անհատականության, իրենց բնույթով բովանդակում են հեռանկարային գեղարվեստական սկզբունքներ, ոճական հնարներ:Ստեղծագործական կյանք մուտք գործելով հայ երաժշտության նոր, մեծ վերելքի շրջանում՝ 60-ական թվականներին՝ Տ. Մանսուրյանը, ավանդույթները որդեգրելով, իր ողջ ստեղծագործական աշխատանքում դրսևորեց նորի զգացողությունը: Կոմպոզիտորի ստեղծագործական ուղու համար ամենից բնութագրականը որոնումների չմարող տենչն է: Նրա գեղարվեստական հետաքրքրությունների շրջանակը լայն է ու բազմակողմանի, տեսադաշտը՝ ընդարձակ: Ժամանակակից մշակույթի ամենատարբեր ուղղությունները նրան գրավել են, աոաջին հերթին, ազգային երաժշտության շրջանակներն ընդլայնելու հնարավորության տեսակետից:
Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ.): Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայում (1960-1965թթ.): Ավելի ուշ` 1967-86թթ., ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986թ. Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995թթ. հայ կոմպոզիտորը զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:
Բավական կարճ ժամանակահատվածում Մանսուրյանը դարձել է այն հայ առաջատար կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործական ամուր կապեր է հաստատել միջազգային ճանաչում ունեցող այնպիսի արվեստագետների և կոմպոզիտորների հետ, որոնց թվում են` Վալենտին Սիլվեստրովը, Ալֆրեդ Շնիտկեն, Սոֆիա Գաբայդուլինան, Անդրեյ Վոլկոնսկին, Էդիսոն Դենիսովը և ուրիշներ:
Մանսուրյանի երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի և ժամանակակից եվրոպական մեթոդների համաձուլում: Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը հագեցած է: 1989թ. գրել է «Սառցե թագուհին» պիեսի երաժշտությունը, ինչպես նաև ստեղծագործել է օրկեստրի և երգչախմբերի համար: Ունի բազմաթիվ դաշնամուրային, կամերային, վոկալ ստեղծագործություններ:
Գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ` Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլն: Այժմ նա չի դասավանդում և կենտրոնացել է երաժշտություն գրելու վրա:
Աշնան արև
Կտոր մը երկինք
Մեր մանկության տանգոն
Աշնան արև
Կտոր մը երկինք
Մեր մանկության տանգոն
No comments:
Post a Comment