(1885-1920)
Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականին Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա՝ Ախալքալակի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը: 1906 թվականին, ավարտելով ճեմարանը, ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1913-17 թթ. սովորել է նաև Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում: Ապրելով բոտն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում է ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին: Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիգիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից, և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանր: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծը իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ: Նման մի հանձնարարությամբ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում:
Տերյանի ապրած դժվարին տարիներին հատկապես ողբերգական էր հայ ժողովրդի, մասնավորապես՝ արևմտահայերի վիճակը: Դրված էր դարերի հեռուներից եկող Հայաստանի (Նաիրի երկրի) լինել-չլինելու հարցը: Պատահական չեն Տերյանի այս տողերը, որոնք տեղ են գտել դասագրքում ներկայացվող «Երկիր Նաիրի» բանաստեղծական շարքում.
Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի...
Տերյանի այս ծանր ու դրամատիկ տողերի մեջ երևում է ոչ միայն բանաստեղծի, այլև նրա ժողովրդի ճակատագրի ողբերգական անորոշությունը: Այսուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծը իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է:
No comments:
Post a Comment