Monday, November 18, 2013

Իմ քաղաք Երևանը

                               
 Երևանը Հայաստանի սիրտն է, նա մեր արյան մեջ է, մեր երակներում, մեր սրտի զարկերի մեջ է, և երբ ինչ-որ բան այն չէ, անհանգիստ ու դյուրազգաց մարդու սրտի նման այն շատ ուժգին բաբախում է։ Յուրաքանչյուր հայի համար, անկախ նրա բնակիչն է, թե այլ քաղաքի բնակիչ, Երևանը պարծանք է, գլուխգործոց իր ամեն մի քարով, ծառով, տերևով, ծաղիկով։ Իմ փոքրիկ, դարեր մաքառած, մի բուռ ժողովրդի համար մայրաքաղաք Երևանն օր օրի փթթում է, օր օրի նորահարսի նման ամոթխած հայացքով, արևածագից շառագունած այտերով՝ ավելի գեղեցիկ ու չքնաղ է դառնում Երևանը։ Եվ երբ հետադարձ հայացք եմ գցում նրա անցած ճանապարհին, գրքերից, պատմություններից հիշում եմ նրա փողոցները, շենքերը, տները, իսկ այսօր էլ բազմերանգ գույներում փաթաթված՝ միևնույն է կրկին նույն արժեքային համակարգի սանդղակում է իմ ժողովրդի համար Երևանը։ Երբեմն կարդալիս կամ ֆիլմեր դիտելիս ինքս ինձ ասես կարոտում եմ հին Երևանը, բայց ասես ինչ-որ մեկը կամաց ականջիս շշնջում է. «Լսի՛ր, այժմյան Երևանն ավելի շքեղ է »։ Իսկապես հրաշալի է այսօրվա Երևանը՝ լայն փողոցներ, հսկա շենքեր, լայնափեղկ խանութներ, ու անպայման նրա փոքրիկ ծառ- ծաղիկը գրավում են յուրաքանչյուրի ուշադրությունը։ Դրա վառ օրինակն է Հյուսիսային պողոտան, Էրեբունի թանգարանը, Մատենադարանը, Հաղթանակի այգին և այլն։ Երևանը ասես թանկարժեք զարդերով զարդարված մի թագուհի լինի, որի կողքով և ոչ մի անցորդ ուղղակի ի զորու չէ անտարբեր անցնել։ Ամեն րոպե լույսի ու գույների խաղերից փոխվում է Երևանը։ Ուրիշ է նա առավոտյան՝ խաղաղ, հանգիստ, հանդարտ, կեսօրին՝ շտապող, տապից հոգնած, բայց շողացող աչքերով, իսկ երեկոյան՝ լույսերի մեջ ողողված։ Այդպիսի վայրերից է Կասկադը, որտեղ արևը ուրիշ գույն ունի։ Սա Թումանյանի երազած արևային քաղաքն է։ Այստեղից Երևանը երևում է ափիդ մեջ, ու դու ասես թռչում ես, սավառնում Երևանի վրայով ու գրկում այն։ Բոլոր անկյուններից շողում է իմ Երևանը՝ երիտասարդ, ուժեղ, կանգուն և լավատես։ Նրա առօրյան լի է տոներով, որոնք միշտ հիշվում և նշվում են շքերթներով, համերգներով, հրավառություններով։ Ընդամենը երկու օր առաջ մեր Հանրապետությունը նշեց իր անկախության քսաներկուամյակը։ Եվ զարմանալին հենց դա է։ Մեր Երևանը որքան մեծանում է, այնքան գեղեցկանում է ու երիտասարդանում։ Թո՛ղ էլ ավելի բարգավաճի ու ծաղկի իմ քաղաքը, իմ հին ու վարդագույն Էրեբունին։ Նա մեր ոս
տանն է, մայրաքաղաքը, մեր բոլորի կենսագրությունը։

No comments:

Post a Comment