Monday, December 1, 2014

Քամիներ․․․

                               Քամին օդի շարժումն է Երկրի մակերևույթին զուգահեռ: Մթնոլորտի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, մթնոլորտային ճնշումը սովորաբար բաշխված է անհավասարաչափ: Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր:
Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ:
Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության:
Մթնոլորտի երկրամերձ շերտերում քամու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վ և ավելի (փոթորիկ) սահմաններում: Քամու արագությունը և ուղղությունն ունեն լավ արտահայտված օրական ընթացք. գիշերը գետնամերձ շերտում դիտվում է նվազագույն, իսկ կեսօրից հետո՝ առավելագույն արագություն: Տարվա ընթացքում քամու միջին առավելագույն արագություն դիտվել է Անտարկտիդայում (22 մ/վ): Այստեղ քամու օրական միջին արագությունը հասնում է 44 մ/վ-ի, իսկ առանձին պահերի՝ մինչև 90 մ/վ-ի:
ՀՀ-ում քամու մեծ արագություններ դիտվում են հատկապես լեռնանցքներում: Այդ առումով բնորոշ է Սիսիանի լեռնանցքը, որտեղ քամու տարեկան միջին արագությունը 8,8 մ/վ է, իսկ տարեկան 86 օր ուժեղ քամիներ են լինում:
Քամու ուժն արտահայտում են Բոֆորտի 12 բալլանոց սանդղակով (անգլիացի Ֆ.Բոֆորտն է 1806 թ-ին առաջին անգամ կիրառել քամու ուժը չափող սանդղակ): 0 բալլի դեպքում անդորր է. քամու արագությունը նվազագույնն է՝ 0,02 մ/վ, իսկ 12 բալլ ուժգնության դեպքում արագությունը հասնում է 30–40 մ/վ-ի. դա արդեն մրրիկ է, քամին ունենում է կործանիչ, ավերիչ ազդեցություն. պոկվում են շենքերի տանիքները, արմատախիլ են լինում ծառերը և այլն:
Բնության մեջ քամին մշտապես փոխում է ուղղությունը և կոչվում է հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Պատահում է, որ տվյալ բնակավայրում տարբեր ուղղությամբ փչող քամիները հաճախակի են կրկնվում: Եթե հայտնի են քամիների ուղղությունները և դրանց կրկնությունները, կազմում են այսպես կոչված քամու վարդը, որի միջոցով, օրինակ, որոշում են, թե բնակավայրի որ կողմում կառուցեն օդն աղտոտող ձեռնարկությունները, որպեսզի փոշին, ծուխը, թունավոր գազերը բնակավայրի վրա չտարածվեն, ինչպես նաև գյուղատնտեսական և քաղաքաշինական որոշակի հարցերում մասնագետները ճիշտ կողմնորոշվեն:
Երկրագնդի վրա առկա որոշակի ուղղությամբ շարժվող քամիներից են պասսատները, մուսսոնները, բրիզները, լեռնահովտային քամիները:
Պասսատները (իսպաներեն է, նշանակում է քշող-տանող քամի) կայուն ուղղություն ունեցող քամիներ են: Քանի որ հասարակածային գոտում գերակշռում է ցածր ճնշումը, իսկ 25–30օ լայնություններում՝ բարձր ճնշումը, ապա Երկրի մակերևույթի վրա բարձր ճնշման գոտուց քամին մշտապես շարժվում է դեպի հասարակած: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտի ազդեցությամբ պասսատները Հյուսիսային կիսագնդում թեքվում են դեպի աջ, այսինքն՝ դեպի արևմուտք, և փչում են հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, իսկ Հարավային կիսագնդում` դեպի ձախ և ուղղված են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք:
Մուսսոնները տարվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են: Ձմռանը փչում են ցամաքից դեպի օվկիանոս, ամռանը՝ օվկիանոսից ցամաք: Մուսսոնների և բրիզների առաջացման պատճառը ցամաքի և ջրի անհամաչափ տաքացումն է:
Բրիզներն օրվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են. առաջանում են հիմնականում ծովերի, լճերի և լայնահուն գետերի ափերին: Դրանք ցերեկը փչում են ծովից դեպի ցամաք, իսկ գիշերը՝ ցամաքից դեպի ծով: Բրիզները բնորոշ են նաև Սևանա լճին, հատկապես` նրա հարավային ափերին:
Լեռնահովտային քամիները նույնպես օրվա ընթացքում երկու անգամ են փոխում իրենց ուղղությունը` առաջանալով հովիտների և նրանց կից լեռնալանջերի միջև: Մինչև կեսօր օդը հովտից լեռնալանջով բարձրանում է վեր՝ առաջացնելով հովտային քամի, իսկ երեկոյան քամին փչում է լեռներից դեպի հովիտներ, և կոչվում է լեռնային քամի: Լեռնահովտային քամիները բնորոշ են նաև ՀՀ տարածքին, հատկապես Արարատյան գոգավորությանը:
Լեռնային երկրներին բնորոշ են տաք ու չոր ֆյոն քամիները, որոնք առաջանում են լեռնաշղթայի տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշումների մեծ տարբերության պատճառով: Ձմռանը ֆյոնը, իջնելով ձյունածածկ լանջերից, առաջացնում է արագ ձնհալք, որի պատճառով հաճախ այն անվանում են ձյուն «խժռող» քամի: ՀՀ-ում ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին և Զանգեզուրին:
Երկրագնդի տարբեր շրջաններում ֆյոնը տարբեր անվանում ունի: Ժայռոտ լեռներում կոչվում է չինուկ, Չիլիական Անդերում՝ պուելչե, Արգենտինյան Անդերում՝ զոնդա, Սումատրա կղզում՝ բոխորակ, Աֆղանստանից Թուրանի դաշտավայր իջնողը՝ աֆղանցի, Միջերկրական ծովի հարավում՝ սիրոկկո, և այլն:
Մթնոլորտի շրջանառության և տարբեր տարածաշրջաններում փոփոխական եղանակների ձևավորման մեջ կարևոր դեր ունեն օդի պտտահողմային բնույթի շարժումները՝ ցիկլոններն ու հակացիկլոնները:
Ցիկլոնը (հունարեն է, նշանակում է պտտվող) խոշորամասշտաբ պտտահողմ է՝ կենտրոնում ցածր ճնշմամբ: Հորիզոնական ուղղությամբ տարածվում է մինչև 2–3 հզ. կմ, ուղղահայաց՝ մինչև ներքնոլորտի վերին սահմանը: Կենտրոնում դիտվում են ճնշման նվազագույն (920–930 մբ) արժեքներ: Երկրի պտույտի շեղող (Կորիոլիսի ուժ) և շփման ուժերի հետևանքով Հյուսիսային կիսագնդում ցիկլոնը շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, Հարավային կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ: Ցիկլոնին բնորոշ է խոնավ, ամպամած եղանակը:
Հյուսիսային և հարավային 5–20օ աշխարհագրական լայնությունների միջև 27օC-ից բարձր ջերմաստիճան ունեցող տաք ջրերի վրա ձևավորվում են արևադարձային ցիկլոնները: Արևադարձային այն ցիկլոնները, որոնցում քամու արագությունը 17–32 մ/վ է, կոչվում են փոթորիկներ, իսկ եթե արագությունը գերազանցում է 32 մ/վ-ը՝ արևադարձային մրրիկներ: Եղանակի ծառայության մեջ ընդունված է արևադարձային ցիկլոններն անվանել կանանց անուններով՝ Նենսի, Ժանետ և այլն:
Արևադարձային ցիկլոնները բնության ահեղ երևույթներից են և պատճառում են հսկայական ավերածություններ. քանդում են շինություններ, առաջացնում ալեկոծություններ, ջրհեղեղներ: Առանձնապես վտանգավոր են ծովափերին դրանց առաջացրած բարձր ալիքները (մինչև 32 մ), որոնք իրենց ճանապարհին սրբում-տանում են ամեն ինչ՝ բնակավայրեր, շինություններ, պատճառում մարդկային զոհեր: Այն երկրներում, որտեղ այդ ցիկլոնները հաճախակի են, ստեղծվում են հատուկ ծառայություններ, որոնք մշտապես հետևում են դրանց ձևավորմանը, շարժման ուղղությանն ու արագությանը և այդ մասին հաղորդում համապատասխան կազմակերպություններին:
Մթնոլորտում հաճախ առաջանում են նաև փոքր պտտահողմեր: Դրանք առաջանում են ինչպես ջրերի, այնպես էլ ցամաքի վրա (տրոմբներ, Հյուսիսային Ամերիկայում՝ տոռնադո), երբ մեծ արագությամբ տաք տարածք են ներխուժում սառը օդային զանգվածներ:
Պտտահողմերն ունեն վերընթաց` գրեթե ուղղահայաց առանցք, որի շուրջը պտտվում են 50–200 կմ/վ արագությամբ, միաժամանակ 10–20 մ/վ արագությամբ տեղաշարժվելով հորիզոնական ուղղությամբ: Նման պտտահողմերն ունեն հզոր ավերիչ ուժ. քանդում են շինություններ, արմատախիլ անում ծառեր: Անակնկալ պտտահողմը կարող է «կլանել» ջրավազանի ջուրը` իր բույսերով ու կենդանիներով, տեղափոխել որոշ տարածություն ու թափել՝ առաջացնելով ձկների, գորտերի, ջրիմուռների զարմանահրաշ տեղումներ: Փոքր պտտահողմերը հատկապես բնորոշ են Հյուսիսային Ամերիկային:
Քամու ուսումնասիրությունները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերի, մասնավորապես` հողմաչափների և հողմացույցների միջոցով: Նման աշխատանքներ կատարվում են նաև մեր հանրապետությունում գործող բազմաթիվ օդերևութաբանական կայաններում:
Քամու էներգիան որոշակի աշխատանք է կատարում նաև բնության մեջ: Քամու միջոցով քշվում-տարվում են ապարների մասնիկներ, առաջանում են ռելիեֆի նոր ձևեր, տեղի է ունենում հողմային էրոզիա և այլն:
Քամու ուժը մարդիկ օգտագործել են շատ վաղ ժամանակներից. կառուցել են հողմաղացներ, նավարկել առագաստանավերով: Մեր օրերում քամու ուժով աշխատող հողմակների միջոցով ստանում են էլեկտրաէներգիա: Հողմաէլեկտրակայանները հոսանք են մատակարարում զանազան արշավախմբերի և բևեռային օդերևութաբանական կայաններին: Այսօր հողմաէլեկտրակայաններով արտադրվում է էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրանքի 1,3 %-ը:
Երկրային քամու էներգետիկ ներուժը Միջազգային էնեգետիկական կոնֆերանսի XIV նստաշրջանում (1989 թ-ին) գնահատվել է տարեկան 300 մլրդ կՎտ.ժ: Սակայն այդ քանակի միայն 1,5%-ն է տեխնիկապես նպատակահարմար իրացնել: Գլխավոր խոչընդոտը քամու էներգիայի ցրված և փոփոխական լինելն է, իսկ առավելությունն այն է, որ կառուցումից հետո վառելիքի լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում, և դրանց աշխատանքի ընթացքում վնասակարթափոններ չեն առաջանում:

No comments:

Post a Comment